Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի, կլինի 0․․․-2 աստիճան ցուրտ

16:50, 21 նոյեմբեր 2023
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի, կլինի 0․․․-2 աստիճան ցուրտ

Արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ինչպես և կանխատեսվել էր, նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

Ծովի մակերևույթից 1500մ և ավելի բարձրությունների վրա տեղումները դիտվել են ձյան տեսքով, մի շարք շրջաններում ուղեկցվելով բքով։

 

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային մարզերում այս պահի դրությամբ տատանվում է 10-20սմ սահմաններում։ Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում այժմ էլ տեղում է ձյուն, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, որը կպահպանվի մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։

 

Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։