Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և հետախուզության ղեկավարը համագործակցում են Կատարի իշխանությունների հետ՝ ազատելու ՀԱՄԱՍ խմբավորման կողմից վերցված իսրայելցի պատանդներին:
«Իմ արտաքին գործերի նախարարը և իմ հետախուզության ղեկավարը երկուսն էլ շարունակում են գործընթացը՝ համագործակցելով Կատարի հետ»,- ասել է Էրդողանն՝ Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ Էրդողանը խոսել է փոխանակման մասին՝ հավանաբար նկատի ունենալով իսրայելական պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ:
«Մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ արդյունքի կհասնենք գերիների փոխանակման հարցում։ Մենք անընդհատ կապի մեջ ենք և հույս ունենք դրական արդյունքի հասնել»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Ամերիկյան CBS հեռուստաընկերությունը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյային, հայտնում է, որ Իսրայելը և Համասը բանակցություններ են վարում (միջնորդների միջոցով) 50 իսրայելցի պատանդների ազատ արձակման համար՝ իսրայելական բանտերից 150 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
CBS-ի աղբյուրը պնդում է, որ այս բանաձեւը՝ 50-ից 150-ն, արդեն հաստատվել է։ Սակայն, CBS-ի աղբյուրի համաձայն, կողմերը դեռ համաձայնության չեն եկել ժամանակավոր զինադադարի մասին։