Հետևեք մեզ։

Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, երբ Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

10:43, 27 մարտ 2023
Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, երբ Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

Հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում կիրակի գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականին:

Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել:

Թել Ավիվում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ այսօր վաղ առավոտյան ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Երեք ոստիկան վիրավորվել է:

Պարբերականը նշում է, որ ցուցարարներն այրել են անվադողեր, արգելապատնեշներ են կառուցել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Այալոնի մայրուղով երթևեկությունը երկու կողմից փակվել է, որից 5 ժամ անց ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Նրանք ջրցան մեքենաների միջոցով ցրել են մայրուղին փակած ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն էլ ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել:

Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:

Վերլուծական