Հետևեք մեզ։

Կրեմլից արձագանքել են հայ պաշտոնյաների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություններին

13:36, 22 նոյեմբեր 2023
Կրեմլից արձագանքել են հայ պաշտոնյաների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություններին

Կրեմլում ցավում են, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով են, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակներում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 


«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական ​​մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը  կազմակերպության շրջանակներում»,- ասել է Պեսկովը։

 


Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այսօր Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ չի մասնակցելու դեկտեմբերին ՀԱՊԿում անցկացվելիք միջոցառմանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ օրեր առաջ Լուկաշենկոյին հայտնել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին։