Հետևեք մեզ։

Սովորեք մեր հարևան երկների լեզուները․ Գուրգեն Արսենյանը՝ սյունեցի աշակերտներին

12:24, 27 մարտ 2023
Սովորեք մեր հարևան երկների լեզուները․ Գուրգեն Արսենյանը՝ սյունեցի աշակերտներին
«Փորձեք միմյանց օգնել, միմյանց օգնելով կարող եք զարգացում գրանցել: Համագործակցությունն ամենամեծ արժեքներից է»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Սյունիքի մարզի Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը:
Աշակերտների այն հարցին, թե որ մասնագիտություններն են կարևոր Հայաստանի Հանրապետության համար, պատգամավորը պատասխանել է, որ ներկայումս շատ կարևոր է սովորել արևելագիտություն և կովկասագիտություն:
«Շատ կարևոր է նաև լավ տիրապետել տարածաշրջանային լեզուներին: Այնպես որ, բացի միջազգային լեզուներից, սովորեք մեր հարևան երկների լեզուները»,- նշել է պատգամավորը:
Մասնագիտության ընտրության հարցի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիմել է աշակերտներին՝ հորդորելով. «Լավ սովորեք և ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք: Սիրով արեք ձեր գործը և միանշանակ կունենաք առաջընթաց»:
Հանդիպմանը ներկա էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ Մարինա Ղազարյանը, որոնք աշակերտներին հանգամանալից ներկայացրել են օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ դերը, խոսել խորհրդարանի օրինաստեղծ գործունեության, ինչպես նաեւ պատգամավորի աշխատանքի մասին:
Մարինա Ղազարյանը կարևորել է ուսուցչի դերը և շեշտել, որ աշակերտները հիմնական գիտելիքները ձեռք են բերում դպրոցից:
Արմեն Խաչատրյանը եւ Նարեկ Ղահրամանյանը հորդորել են աշակերտներին իրենց գիտելիքներով նպաստել մեր երկրի զարգացմանը:
Պատգամավորները կարեւորել են միջազգային հարաբերություններում Հայաստանի ակտիվ գործունեությունը, քննարկել մեր երկրի արտաքին եւ ներքին մի շարք հարցեր:
Ճանաչողական այցի շրջանակում հյուրերն այցելել են խորհրդարանի գրադարան եւ թանգարան: