Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshysn.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Միշա Շահբազյանի կողմից շահագործվող՝ թիվ 10 երթուղին սպասարկող «ԼԻԱԶ» մակնիշի խափանված տրոլեյբուսի քարշակման նպատակով Երևանի բնակիչ 55-ամյա Աղասի Բաբլոյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է տրոլեբուսի առջևի մասում և դուրս եկել բեռնատարից։
Որոշ ժամանակ անց «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթացել և վրաերթի ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև միացման աշխատանքներ կատարող Մ. Շահբազյանին և Ա. Բաբլոյանին։
Վրաերթի հետևանքով վիրավորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ։ Մինչ տեղում քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Մ. Շահբազյանը, գիտակցության չգալով, մահացել է: