Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 23-ին, կեսգիշերն անց Աշտարակի Մուղնի թաղամասում ստուգման նպատակով կանգնեցրել են վարդենիսցի 32-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդեսը»:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ բեռնախցիկում և սրահում նրանք նկատել են գունավոր մետաղներ: Վարորդը հայտնել է, որ փետրվարի սկզբից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀԷՑ ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տարածքից պարբերաբար գողացել է մոտ 90 կգ պղնձե մալուխ: Վարորդը և 31-ամյա ուղևորը տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: