Հետևեք մեզ։

Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. ԲՏԱ նախարարությունն արձագանքում է տարածված լուրերին

11:04, 24 նոյեմբեր 2023
Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. ԲՏԱ նախարարությունն արձագանքում է տարածված լուրերին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լուծարված ընկերություններին աջակցություն չի տրամադրել, իսկ ընկերությունների գործունեության ժամանակավոր դադարեցումը դեռևս լուծարում չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` անդրադառնալով տարածվող լուրերին, որ նախարարության աջակցությունից օգտվել են ՏՏ ոլորտի լուծարված ու գործունեությունը դադարեցրած ընկերություններ։

 

«Կառավարության աջակցությունը ստանալու պահին ընկերություններից որևէ մեկը լուծարված չի եղել։ Մինչև այժմ էլ չկան օգնություն ստացած ու փաստացի լուծարված ընկերություններ․ միայն 4 ընկերություն լուծարման գործընթացի մեջ է։ Ինչ վերաբերում է գործունեությունը ժամանակավորապես կասեցրած ընկերություններին, սա ոլորտային ընկերությունների պարագայում բնական ընթացք է։ Գործունեությունը  ժամանակավոր դադարեցնելը չի նշանակում, որ այդ ընկերությունները փակված են, ուղղակի որոշ ընկերություններ կախված որոշակի հանգամանքներից, ժամանակավոր դադար են վերցրել, մինչև կարգավորեն իրենց հարաբերությունները գործընկերների հետ»,- նշեց Սահակյանը:

 

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն 4 ընկերություններին, որոնք լուծարման գործընթաց են սկսել, ընդգծելով, որ դրանք բավարարել են որոշման պայմաններին և լուծարման գործընթաց են սկսել աջակցությունը ստանալուց հետո: Նա հավելել է, որ քննարկվող «Օպտիմ Արմենիա» ընկերությունը չի հրաժարվել աջակցություն ստանալուց, փոխարենը եղել են ընկերություններ, որոնք լուծարման գործընթացի մասին տեղեկացնելուն զուգահեռ հրաժարվել են աջակցությունից:

 

Սահակյանը մանրամասնեց՝ հայտարարված աջակցությունը ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 510 ընկերություն էր դիմել, ներկայացված պահանջներին բավարարել է դրանցից 332-ը։ 2 ընկերություն էլ հրաժարվել էր աջակցությունից, քանի որ գործունեությունը շարունակելու հեռանկար չէր ունեցել։ Սակայն այդ ընկերությունների ցուցակում չի եղել «Օպտիմ Արմենիա» ընկերությունը: Նախարարի տեղակալը  հիշեցրեց, որ աջակցությունից կարող էին օգտվել այն ընկերությունները, որոնք բավարարել են ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշման պայմաններին, մասնավորապես՝ 20%-ից ավել չեն կրճատել աշխատավարձի ֆոնդը և արտահանումը կազմել է շրջանառության 70%-ից ավել:

 

«Պետք է նշեմ, որ այս ծրագիրը ուղղված է եղել դրամի կտրուկ արժևորումից և ՏՏ գլոբալ ճգնաժամից կրած վնասների փոխհատուցմանը: Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք տարբերակ, որպեսզի իրականացնենք պետական աջակացության այս ծրագրի մոնիթորինգ. գնահատվելու է աջակցություն ստացած բոլոր 330 ընկերությունների գումարի նպատակային օգտագործումը, և միայն այս տվյալների հիման վրա հնարավոր կլինի գնահատական տալ ամբողջ ծրագրին»,- պարզաբանեց նախարարի տեղակալը։