Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին 300 հզր դոլար անանուն նվիրատվություն են արել․ Մխիթար Հայրապետյանն ասում է, որ օրենքը պահանջի, անունները կհրապարակեն

13:05, 27 մարտ 2023
Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին 300 հզր դոլար անանուն նվիրատվություն են արել․ Մխիթար Հայրապետյանն ասում է, որ օրենքը պահանջի, անունները կհրապարակեն

Դեռևս 2018 թվականի մարտին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երևան» հիմնադրամին և Պետեկամուտների կոմիտեին՝ պահանջելով տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարվա ընթացքում ովքեր են 100 հազար դրամ և ավելի գումար անանուն փոխանցել «Երևան» հիմնադրամին:

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն անդրադառնալով այս թեմային ու նաև նրան, թե հիմա խնդի՞ր չէ  հիմնադրամի 300 հազար դոլար և ավելի անանուն նվիրատվություն ստանալը, ասաց․ «Հուսանք՝ ապագայում էլ կունենանք նման չափով նվիրատվություններ, որը, իհարկե, մեզ հնարավորություն կտա ավելի մեծ աշխարհագրություն վերցնել մեր ծրագրերի համար»։

Նա նշեց, որ այդ 300 հազար դոլարի նվիրատվությունը եղել է 2021 թվականի մարտին, ԱՄՆ-ից, և այդ գումարը «Իմ քայլը» հիմնադրամի կողմից բացառապես վերաբաշխվել է ուսանողների կրթաթոշակների ծրագրի վրա, ապա ափսոսանք հայտնեց, որ 2021 թ․ մարտին ԱՄ Կալիֆորնիա նահանգից այդ բարերարը չի ցանկացել, որ իր անունը հանրայնացվի։

«Այո, ես ծանոթ եմ այդ դատական հայցին, եթե օրենսդրությունը պահանջի, որ հետայսու որևէ հիմնադրամ պարտավոր է հրապարակել նվիրատուների անունները, առաջինը դա կանի «Իմ քայլը» հիմնադրամը։ Բայց քանի դեռ օրենսդրությունն այդ հնարավորությունը ստեղծում է, և բոլոր հիմնադրամներն օգտվում են այդ հնարավորությունից, «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող օրենսդրորեն արգելել կատարել այդ նվիրատվությունները»,-ասաց Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ գուցե կարիք կա գործող վերահսկողական մեխանիզմներն ավելի խստացնելու։