Այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ և պարզ չէ` ի վերջո Ադրբեջանը վերահաստատում է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ։ Այս մասին ասուլիսի ընթացքում քաղաքացու հարցին պատասխանելիս նշեն Նիկոլ Փաշինյանը։
Հարցն այն մասին էր, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում բանակցություններից, և կարելի՞ է ենթադրել, որ Արցախին տիրանալուց հետո նա նոր պահանջներ է առաջ քաշում։
Փաշինյանը նշեց, որ այդ երեք սկզբունքները (տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա Ալմաթիի հռչակագրով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում երկրների սուվերենության հարգմամբ- խմբ․) համաձայնեցված են բանակցությունների ընթացքում, դա արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումների արդյունքներով։
«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա պայմանագիր կնքել, նաև չենք կարող վստահ ասել, որ վերահասատտում է հավատարմությունը դրանց։ Անհրաժեշտություն կա այս նրբությունները պարզաբանել։ Առաջիկայում այդպիսի քննարկում նախատեսված է նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովի ֆորմատով։ Այդ քննարկումներից հետևություններ կանենք, այլ բանակցություններ լինեն, ևս հետևություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության։ Փաստն այն է, որ մինչ այսօր մենք նման վստահություն չունենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ թեև Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն Ադրբեջանում ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։