Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի, ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի:
Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրահատարանում: