Անկլավների հարց, այո՛, կա։ Այս մասին ասուլիսի ընթացքում Տավուշի մարզից մի քաղաքացու հարցին ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ասում ենք՝ Հայաստանի 29.8 հազար քառ.կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին։ Դրա մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով։
Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա, քանի որ Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է։ Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք ԽՍՀՄ քարտեզներով գոյություն են ունեցել։ Եթե ասենք՝ անկլավի հարց չկա, ապա պիտի ասենք նաև՝ էքսկլավի հարց չկա, Արծվաշենի հարց չկա»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցերը պետք է կարգավորվեն։
Փաշինյանը նշեց, որ եթե մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանն էլ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ, հարց է առաջանում․ «Քանի որ մենք Արծվաշենի հետ անմիջական սահման չունենք, ո՞նց ենք մեր սահմանից Արծվաշենի սահման անցնելու, Ադրբեջանն էլ իր պարագայում։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են ուրիշ լուծումներ ստանալ»։