Հետևեք մեզ։

Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարի, բայց դա կարևոր չէ․ թիրախավորված է մեր պետականությունը, այս ողբերգությունը մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից․ Սերժ Սարգսյան

19:16, 24 նոյեմբեր 2023
Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարի, բայց դա կարևոր չէ․ թիրախավորված է մեր պետականությունը, այս ողբերգությունը մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից․ Սերժ Սարգսյան

Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարի․ ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերին, նրանց ձայնակցել են տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում ՀՀ կառավարիչների ջրաղացին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով իշխանական և այլ բևեռներից թիրախավորումների մասին լրագրողի հարցը։

«Բայց ամենակարևորը դա չէ, կարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը։ Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգութուն չէր պատուհասել։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ փորձություններ՝ կուլակաթափություններ, մարդկանց հանիրավի, անտեղի գնդակահարություն, եղել է հայրենական պատերազմ, որտեղ հարյուր-հազարավոր հայեր են զոհվել, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Եվ այս գիտակցումը, ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունը ամենացավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»։

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքը միշտ համարել է ու այսօր էլ համարում է, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար և այդ խնդիրը, երբ իրենք առաջ էին մղում, դրա համար էին առաջ մղում․ «Արցախը Հայաստանի համար երբեք բեռ չի եղել, եղել է փրկօղակ։ Այս ողբերգությունը մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից, և առաջին հերթին դրա մասին պետք է մտածել, ոչ թե անձերին կամ քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն, հատկապես, որ դրա ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են։ Ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպարտել են և երբեմն գրում են»։