Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը վաղուց է գնում՝ 2018-ից սկսած. Աղաջանյան. News.am

13:09, 25 նոյեմբեր 2023
ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը վաղուց է գնում՝ 2018-ից սկսած. Աղաջանյան. News.am

ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը վաղուց է գնում՝ 2018-ից սկսած, ուղղակի մենք հիմա տեսնում ենք դրա փաստական արձանագրումները եւ հերթական սրացումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

 

«ՀԱՊԿ-ն ինքն իրենով գոյություն ունեցող կառույց չէ, այն կառույց է այնքանով, որքանով դու որպես անդամ պետություն այդ կառույցւ եւ դրա տված հնարավորություններն օգտագործում ես ի շահ քեզ: Այսինքն դա ոչ թե ինչ-որ մի տեղ գործող կառույց է, եւ դու այնտեղ ինչ-որ հարցեր ունես լուծելու, այլ այդ կառույցի մաս ես, անգամ հիմնադիր անդամ ես: Եվ որպես հիմնադիր անդամ, դու ինքդ քո խնդիրները կարող ես այդտեղ բարձրացնել եւ քո գործընկեր պետությունների հետ համագործակցային դաշտում այդ խնդիրները լուծել:

 

Մեր իշխանությունները բացարձակ նպատակ չունեն ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց ի ցույց դնելու: Նրանք հակառակը, ամեն ինչ անում են, որ ՀԱՊԿ-ի արժեքը նսեմացնելու համար»,-ասաց նա:

 

Հարցին՝ այդ դեպքում ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ձյունիկ Աղաջանյանը պատասխանեց. «Որովհետեւ այս պահին նման քայլի գնալը իր հետ կբերի հատկապես ռուսական կողմի շատ կտրուկ եւ սուր արձագանքի, եւ չունենալով այլ անվտանգային համակարգ,  մենք Հայաստանը կդնենք թուրք-ադրբեջանական վայրկյանական հարձակման ներքո: Գնալ նման քայլի՝ չունենալով փաստական ամրագրված երաշխիքներ, այսպես կոչված, իրենց արեւմտյան գործընկերներից, որոնց խոստումների ներքո Արցախը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին, նրանք չեն կարող բացահայտել այդ վերջնանպատակը, որին ուղղված են այդ բոլոր քայլերը»: