ԿԳՄՍ նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի համագործակցությամբ Աշտարակի դրամատիկական թատրոնն այլևս իրականություն է։
Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։
Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան), որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Դանիել Դանիելյանը ներկայացումից հետո ետնաբեմում հանդիպել է երիտասարդ դերասաններին ու ներկայացման հեղինակներին և ողջունել նրանց. «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ներկայացմամբ թատրոնի բացման առիթով։ Արվեստի տարբեր ճյուղերի խաչաձևմամբ հրաշալի արդյունք է ստացվել։ Մշակութային ապակենտրոնացմամբ մարզերում համայնքային կյանքի աշխուժացումը մեր առանցքային թիրախներից մեկն է»։
Փոխնախարարը թատրոնի տնօրեն Մարիանա Մկրտչյանից հետաքրքրվել է կառույցի ընդհանուր վիճակի, տեխնիկական հագեցվածության, առկա խնդիրների, անելիքների ու արված աշխատանքների մասին։