Պատրաստ ենք «Սումալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաղթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի: Նաև կապալառու կազմակերպության կողմից «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է քաղաքապետարանին, ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, որից հետո պատրաստ կլինեն շինաշխատանքների մրցույթին ներկայացնելու:
Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Այս պահին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցեց պաշտոնյան:
Ավինյանը առանց ֆինանսական միջոցների հայտ ներկայացնելու առաջարկին դրական արձագանքեց. «Շատ լավ, մրցույթը հայտարարեք»:
Ինչ վերաբերում է «Աջափնյակ» կայարանին, Ավինյանը նշեց. «Մենք ստացել ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջ փաթեթը, այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման դաշտում, պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել»։