Հետևեք մեզ։

748 տրանսպորտային միջոց են ներկրել և ՀՀ-ին պատճառել 1 մլրդ 727 մլն 733 հզր դրամ

13:24, 27 նոյեմբեր 2023
748 տրանսպորտային միջոց են ներկրել և ՀՀ-ին պատճառել 1 մլրդ 727 մլն 733 հզր դրամ

 
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, 26․06․2022թ․-ից մինչև 13․08․2023թ․ ընկած ժամանակահատվածում, Գերմանիայի Դաշնությունից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով թվով 748 տրանսպորտային միջոց:


ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 տրանսպորտային միջոցներ արտահանել են Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։ Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։


Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 տրանսպորտային միջոցների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։


Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառված՝ 1․727․733․271 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։


Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական