Հետևեք մեզ։

Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ. Վահե Հովհաննիսյան

14:18, 27 նոյեմբեր 2023
Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

 

«Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և  ներքաղաքական պրոցեսը հավանորեն դրան է գնալու։

Իրականությունն այն է, որ այս խորհրդարանն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական ու ամենաանունակ խորհրդարանն է։ Այս խորհրդարանի գործունեության ընթացքում է եղել.

 

1.      Արցախի գրեթե մեկ տարվա անմարդկային, ֆաշիստական բլոկադա, և խորհրդարանն այդ ընթացքում հանգիստ աշխատել է այլ օրակարգով։

2.      Արցախի կորուստ, և այս խորհրդարանը շարունակել է հանգիստ աշխատել թե´ այդ ընթացքում, թե´ դրանից հետո։

 

Երբ ադրբեջանական զորքը հարձակումից մեկ շաբաթ առաջ տեղակայված էր հայկական բնակավայրերի մատույցներում և պարզ էր, որ աղետ է լինելու, այս խորհրդարանը հանգիստ աշխատում էր։ Սա է փաստը։ Եվ պետական խայտառակությունն այնն է, որ այս խորհրադարանը դեռ շարունակում է գործել։ Հազար տարի էլ անցնի պատմության մեջ, այս խորհրդարանը մնալու է այս բնորոշման մեջ։

Եվ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն այս հարցին պետք է պատասխանեն՝ ներկա և գալիք սերունդների առաջ։ Ակնհայտ է, որ խոսքը չի կարող լինել հավասար պատասխանատվության մասին. պատմական պատասխանատվության վերահսկիչ փաթեթն իշխող ուժին է։ Բայց կա քաղաքական և վարքագծային պատասխանատվության խնդիր։ Միանգամից պատասխանեմ «ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը» կոնտր-հարցին։ Նշված պայմաններում ընդդիմության ամենակարևոր առաքելությունը խորհրդարանում և երկրում մթնոլորտ փոխելն էր՝ ամեն կերպ, ամեն օրինական քայլով, գերմարդկային ակտիվությամբ։ Շրջափակման ողջ ընթացքում և Արցախի կորստից հետո խորհրդարանը երկրում ստեղծում է նորմալության իլյուզիա։ Մեր երկում ոչ մի բան նորմալ չէ, բայց ընդդիմության և իշխող ուժի համատեղ-կառուցողական աշխատանքը ստեղծում է այդ իլյուզիան, ինչպես ստեղծում էր շրջափակման ողջ ընթացքում։

Այդ փուլում Արցախ փրկելու մեկ շանս կար՝ փոխել երկրում մթնոլորտը և աշխարհին ցույց տալ, որ Արցախի հայաթափման բազմակողմ համաձայնությունը խափանվում է։ Մենք դրա համար ունեինք 9 ամիս, ինչը քիչ չէր։

Ստացվում է, որ խորհրդարանական կառավարման երկրում հայրենիքի մի մեծ հատված կորցնելուց հետո խորհրդարանը շարունակում է հանգիստ աշխատե՞լ։ Կներեք, սա պետական դեգրադացիայի հատակն է։

Ուրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ իրականությունը պահանջի նոր ընտրություններ և նոր իշխանություն։

«Ո՞վ է գեներացնում արտահերթ ընտրություններ» հարցն ունի մի քանի պատասխան, և դրանցից հիմնականը իրականությունն է։ Թեման ունի այլ ենթահարցեր, որոնց մասին՝ հաջորդիվ»։

Վերլուծական