Հետևեք մեզ։

Օրենքով գողեր Վիտալի Թբիլիսկին և Արսեն Երևանսկին վիճաբանել են․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

14:19, 27 նոյեմբեր 2023
Օրենքով գողեր Վիտալի Թբիլիսկին և Արսեն Երևանսկին վիճաբանել են․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: 

 

Նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:

 

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նոյեմբերի 22-ին էր: Ու թեև ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:

 

Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:

 

Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:

 

Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել: