Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իլոն Մասկի հետ երկուշաբթի առավոտյան այցելել է կիբուց Քֆար Ազա, որը հոկտեմբերի 7-ին հարձակման էր ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։
Քֆար Ազում զինյալներն իրականացրել են իսրայելցի խաղաղ բնակիչների ամենադաժան սպանությունները։ Այստեղ էր, որ հետագայում հայտնաբերվեցին անգլուխ մարմիններ և ածխացած մարդկային մնացորդներ:
Իլոն Մասկը՝ մոլորակի ամենահարուստ մարդը, Tesla-ի, Starlink-ի և X սոցիալական ցանցի սեփականատերը Իսրայել է գնացել սկանդալի ֆոնին։ Ամերիկացի գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկն արդեն մի քանի օր է՝ քննադատության է ենթարկվում հրեա առաջնորդների, Սպիտակ տան և գովազդատուների, այդ թվում Disney և Apple ընկերությունների կողմից՝ այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին իբր աջակցել էր դավադրության հակասեմական տեսությանը, տեղեկացրել է NBC News-ը։
Մասկը իր դեմ ուղղված մեղադրանքներն անվանել է անհիմն սուտ, սպառնացել է դատի տալ, սակայն խոստացել է վերանայել բովանդակության խմբագրման քաղաքականությունը իր սոցիալական ցանցում։ Մասկը նաև ասել է, որ պաղեստինամետ ակտիվիստների կողմից օգտագործվող «օկուպացիա» կարգախոսը հավասարազոր է հրեաների ցեղասպանության կոչերին և կարգելվի սոցիալական ցանցում։
Կեսօրին ծրագրված է Մասկի հանդիպումը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ու ահաբեկչության զոհերի հարազատների ու պատանդների հետ։ Սպասվում է, որ նրանք միասին կքննարկեն համացանցում հակասեմականության դեմ պայքարի ուղիները:
Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի օրը Իսրայելի կապի նախարարության ղեկավար Շլոմո Կարին և Իլոն Մասկը համաձայնության են եկել Գազայի հատվածում Starlink արբանյակային կապի շահագործման վերաբերյալ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի բռնկումից հետո Մասկն ասել է, որ մտադիր է տրամադրել Starlink ծառայություններ, որպեսզի միջազգային կազմակերպությունները կարողանան գործել Պաղեստինի անկլավում տեղական հեռահաղորդակցության օպերատորների անջատման դեպքում:
Սակայն Իսրայելը կտրականապես դեմ էր դրան՝ վախենալով, որ արբանյակային կապը ահաբեկիչների կողմից կօգտագործվի հարձակումներ իրականացնելու համար։
Այժմ կողմերը պայմանավորվել են, որ Starlink-ի աշխատանքը Գազայի հատվածում կարգավորվելու է Իսրայելի կապի նախարարության կողմից։
Իլոն Մասկի գրասենյակը դեռ չի մեկնաբանել նրա այցը Իսրայել։