ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից առերևույթ հանցանքներ կատարելու դեպքերի հանգամանքներ:
Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:
2023թ․ նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել ՝ Ա.Ս․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որոնք զուգորդվել են նրանց կողմից դրանց դադարեցմամբ:
Որոշում է կայացվել Վ.Տ․-ի և Ռ․Ղ․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Վերոնշյալ երեք անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: