Հետևեք մեզ։

Արցախահայերը գնացել են, սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տները, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում․ Ալեն Սիմոնյան

15:26, 28 նոյեմբեր 2023
Արցախահայերը գնացել են, սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տները, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում․ Ալեն Սիմոնյան

Հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է, բայց 30 տարի է նույն բանն ենք անում․ այդքան գլուխ գովեցինք, այդքան նամակ գրեցինք, զանգեցինք, զանգեցինք, եկանք հասանք մնաց 29 800 քկմ-ն։ Իսկ միգուցե պետք է հիմա մի փոքր ուրիշ ձև գործել։ Արցախի հարցը լուծվել է 2016-ին։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրւոյցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին,թե 2016-ին ի՞նչ էր եղել, որ լուծվել էր, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դե հին խոսակցությանը չվերադառնանք, որովհետև դրան հարյուր անգամ պատասխանել եմ»։

 

Հարցին,թե նույն խաղաղության պայմանագրի շրջանակներում ինչու չբարձրացնել արցախահայերի վերադարձի հարցը, իրավունքների հարցը, Ալեն Սիմոնյանն ասաց․«Իսկ արցախահայերը գնացել են, սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տուն, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե անվտանգության հարց կա, Ալեն Սիմոնյանը հարցրեց․ «Իսկ այդ անվտանգությունը ո՞նց է լինելու․ ո՞նց», պատասխանին, թե դուք եք իշխանության, Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք ընտրված իշխանություն ենք, մենք ժողովրդի հետ շփվում ենք, եկեք բոլորով քննարկենք, ոնց։ Այդ  տրամաբանությունը փորձել ենք, և եկել հասել ենք այն հանգրվանին, որի մասին զրուցում ենք։ Այսօր կա անկախ ՀՀ, և կա հայ ժողովուրդ»,-ասաց Ալեն Սիմոնյանը, որին արձագանքեցին՝ և կա օկուպացված տարածք, որ չեք կարողանում ազատագրել։

«Եվ ըստ Ադրբեջանի էլ կար օկուպացված տարածք, որ 30 տարի չէին կարողանում ազատագրել, հիմա մտնենք բանավեճի մե՞ջ։ Այս բանավեճը փակուղի տանող բանավեճ է, ինչքան մտնենք այս բանավեճի մեջ 5-10 տարին մեկ լինելու է պատերազմ,  ու անընդհատ մնանք այդ ցիկլի մեջ։ Ես կարծում եմ, որ այս պատմական փուլում Հայաստանը պետք է կենտրոնանա խաղաղության պայմանագրի կնքման վրա»։