Ջո Բայդենը Թվիթերում գրել է ՀԱՄԱՍ-ի և պատերազմի մասին։ Համաշխարհային մամուլն ու սոցիալական ցանցերը հետաքրքրվում են, թե ինչ նկատի ուներ նա,-գրում է BBC-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի ժամ առաջ թվիթ է հրապարակել X սոցիալական ցանցում` ՀԱՄԱՍ-ի շարժառիթների և պատերազմի մասին։ Թվիթի ձևակերպումը սոցցանցերում և համաշխարհային մամուլում տարակուսանք է առաջացրել՝ արդյոք սա Իսրայելի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխություն է, թե, օրինակ, նախընտրական քարոզարշավի մաս։
Թվիթը, որը տեղադրվել է Բայդենի անձնական, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, սկսվում է այն հայտարարությամբ, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է իրականացրել Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, քանի որ ամենից շատ վախենում է խաղաղությունից իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
«Շարունակել ահաբեկչության, բռնության, սպանությունների և պատերազմի ճանապարհը նշանակում է ՀԱՄԱՍ-ին տալ այն, ինչ նա ցանկանում է: Մենք չենք կարող դա անել»,- շարունակվում է Բայդենի գրառումը։
BBC-ի թղթակից Թրեյսի Բիչեմը նշում է, որ այս նկատառման տոնայնությունը շատ տարբեր է Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններից, որոնք պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը, որ պատերազմը չի կարող դադարեցվել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել կամ գոնե արտաքսվել Գազայի հատվածից:
«Անհասկանալի է, թե արդյոք Բայդենը, ով պատրաստվում է հաջորդ տարվա ընտրություններին, դիմում է իր ներքին լսարանի ավելի թերահավատ հատվածին, որը քննադատում է իր վարչակազմին Իսրայելին անվերապահ աջակցության համար», - նշում է Բիչեմը:
«Ալ Ջազիրա»-ի Վաշինգտոնի թղթակից Փեթի Քուլհեյնը նույնպես նշում է, որ Բայդենը մինչ այժմ Գազայի պատերազմի մասին խոսել է բոլորովին այլ տոնով։
«Եվ հիմա, եթե իրականում վերլուծեք այս հայտարարությունը սոցցանցերում, նա ասում է. ՀԱՄԱՍ-ը պատերազմ է ուզում, մենք չենք կարող դա թույլ տալ: Նա նկատի ունի, որ պատերազմը պետք է ավարտվի՞»։
«Ալ Ջազիրա»-ի թղթակիցը եզրակացնում է, որ Բայդենի հայտարարությունը կարծես քաղաքականության փոփոխության ազդանշան է, բայց դեռ շատ հարցեր է առաջացնում»։