Հետևեք մեզ։

Կենտրոնում կայանումը մեկ տարվա համար 12 հազար դրամից կդառնա 160 հազար դրամ. նախագիծ

11:16, 29 նոյեմբեր 2023
Կենտրոնում կայանումը մեկ տարվա համար 12 հազար դրամից կդառնա 160 հազար դրամ. նախագիծ

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը։


Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:


Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.


Ա գոտի՝


Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ 


Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ


Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ


Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ


Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ


Բ գոտի՝


Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ


Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ


Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ


Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ


Մեկ տարվա համար՝ 24000 դրամ


Նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է  նաև այլ բաղադրիչներ:


Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է, հայտնում են քաղաքապետարանից։