Հետևեք մեզ։

Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան

11:36, 29 նոյեմբեր 2023
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան

Ինչո՞ւ պետք է խուսափեմ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին ներկայանալուց, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։

Հարցին, թե վստահություն ունի՞, որ հանձնաժողովը շատ հարցեր կկարողանա պարզել, Սամվել Բաբայանն ասաց, որ այն հարցերը, որոնք կտրվեն իրեն, ինքն անկեղծ կպատասխանի։

Արցախի հարցի լուծման վերաբերյալ հարցին ի պատասխան, Սամվել Բաբայանն ասաց․ «Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել»։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում լուծումը, ինքն առաջարկել էր կոմիտե ձևավորել, Սամվել Բաբայանն ասաց․ «Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանություններն իրենց ձևն ունեն, իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում է նրանց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արցախահայության վերադարձի հարցը և իշխանությունն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Բաբայանն ասաց․«Ես չգիտեմ, թե իշխանությունն ու ընդդիմությունն ինչ են անում, ես տեղյակ եմ թե ինչ եմ անում ես, որը չեմ ասի»։

Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի՝ ադրբեջական կողմի հետ Բաբայանի չբանակցելու վերաբերյալ հայտարարությանը, Բաբայանն ասաց, որ պետք չէ ամեն մեկի լսել։