Հետևեք մեզ։

39–ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ․ մանրամասներ Վանաձորի դեպքից

13:06, 29 նոյեմբեր 2023
39–ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ․ մանրամասներ Վանաձորի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27–ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն։
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում, բազմաթիվ գնդակային վնասվածքներով, հայտնաբերվել է 39–ամյա տղամարդու դին: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 20 պարկուճ, գնդակի 1 միջուկ, արնանման հետքեր։ Դեպքի վայրից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող «АК» տեսակի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ դատարկ պահունակով: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատա¬հետքաբանական փորձաքննություններ:
Երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական, քննությամբ ստուգման ենթակա տվյալներով՝ 2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, 27–ամյա երիտասարդը, 39–ամյա համաքաղաքացու առաջարկությամբ, վերջինիս «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Փուչիկներ» կոչվող տարածք, որտեղ 39–ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ:
 
Այնուհետև՝ 2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 27–ամյա երիտասարդը զանգահարել է 39–ամյա տղամարդուն, հրավիրել շենքի բակ, ավտոմեքենայով վերջինիս ժամանելուց հետո, իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով, 27-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել նրան:
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական