Ռուսաստանը Իսրայելի իշխանություններին կոչ է անում ապահովել հավասար իրավունքներ քրիստոնյաների և մյուս կրոնական համայնքների համար։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական այգիների՝ «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակին։
«Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրել է տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ ՌԴ-ն չափազանց անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացումից։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար: Մենք կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով»,- ասել է նա: