Հետևեք մեզ։

Պատժի կրումից հետո «Ուջանիկը» գիշերային ակումբում է քաղաքացու դանակահարել, վիճել է եղբոր հետ, կրակոցներ է արձակել համագյուղացիների ուղղությամբ (տեսանյութ)

19:19, 29 նոյեմբեր 2023
Պատժի  կրումից հետո «Ուջանիկը» գիշերային ակումբում է քաղաքացու դանակահարել, վիճել է եղբոր հետ, կրակոցներ է արձակել համագյուղացիների ուղղությամբ (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում «Ուջանիկ» անունով հայտնի տղամարդը, որը վերջին 7 տարում չի բնակվել հարազատ տանը:  Այս մասին հայտնում է ՆԳ նախարարության լրատվության վարչությունը։


Այս տարվա հոկտեմբերի 26-ին, պատժի ամբողջական կրումից հետո, «Ուջանիկն» ազատվել է կալանքից (ազատազրկումից,-խմբ․)։ Նույն գիշերը, ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում է ստացվում Աշտարակի բաժին, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտում է, որ միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում: Արդեն ունենալով վարկած` Քրեական հետախույզներն օպերատիվորեն պարզել են, որ ուջանցի նշված տղամարդը եղբոր, եղբորորդու և երկու համագյուղացու հետ եղել է Երևան-Գյումրի ճանապարհի գիշերային ակումբում: Գիշերվա ժամը 2.15-ի սահմաններում նա մոտեցել է մեկ այլ սեղանի շուրջ նստած տղաներին ու վիճել հետները: Ուջանցի տղամարդուն միացել է նաև եղբայրը, ու միասին սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդներին: Այդ ընթացքում էլ ազատությունը դեռ մեկ օր էլ չվայելած ուջանցին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ խփել և մարմնական վնասվածք է պատճառել ավելի ուշ հիվանդանոց դիմած երիտասարդին: Այլ կերպ ասած` եղբայրները հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, վնասվել են գույքը, հակաիրավական գործողությունները շարունակել են ակումբի բակում, ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:


Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով:


Իրավապահները պարզել են նաև, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից 11-ի ընթացքում եղբայրները վիճել են արդեն իրար հետ՝ իրենց հայրենի Ուջանում. Անդրանիկի արձանի մոտ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, իսկ երբ համագյուղացիները մոտեցել ու հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ։


Նոյեմբերի 14-ին 35-ամյա «Ուջանիկի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Աշտարակի քրեական հետախույզներին հաջողվում է համագործակցված աշխատանքի արդյունքում հայտնաբերել նրան։


35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Վերլուծական