ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները գոհ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։
«Մենք հաստատեցինք Վիլնյուսում ընդունված պարտավորությունները, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցները համաձայնեն, երբ պայմանները կատարվեն», - ասել է նա Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը։
«Ուկրաինան ճանապարհին է դեպի ՆԱՏՕ, ինչպես նաև Եվրամիություն, որտեղ սկսվում է անդամակցության գործընթացը»,- հավելել է Բլինքենը։
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո նա խոստացել է, որ դաշինքի բոլոր անդամները կշարունակեն Ուկրաինային մատակարարել Ռուսաստանին դիմակայելու համար անհրաժեշտ ամեն ինչ։
Բլինքենն ասել է, որ ուկրաինացիները ռազմական առումով «արտասովոր հաջողություններ» են գրանցել։ «Մենք դա տեսնում ենք, օրինակ, հիմա Սև ծովում, որտեղ Ուկրաինան հետ է մղել ռուսական նավատորմը և կարող է պարենամթերք և այլ ապրանքներ արտահանել արտաքին աշխարհ, որն այդքան ունի դրա կարիքը», - ասաց նա: