Հետևեք մեզ։

Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանագոտում կայացած հանդիպմանը

15:07, 30 նոյեմբեր 2023
Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանագոտում կայացած հանդիպմանը

Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: 

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: