Հետևեք մեզ։

Դատաիրավական համակարգը դարձել է իշխանության հաշվեհարդարի գործիքը, այս պահին դատարանը քննում է Բրյուսովի նախկին պրոռեկտորի խափանման միջոցի հարցը․ Լիլիթ Գալստյան

23:19, 30 նոյեմբեր 2023
Դատաիրավական համակարգը դարձել է իշխանության հաշվեհարդարի գործիքը, այս պահին դատարանը քննում է Բրյուսովի նախկին պրոռեկտորի խափանման միջոցի հարցը․ Լիլիթ Գալստյան
ՀՀ դատաիրավական համակարգը դարձել է իշխանության քաղաքական ռեպրեսիայի, հետապնդումների, հաշվեհարդարի ու վրեժխնդրության գործիքը։ Առաջնահերթությունը քաղաքական այլախոհներին, քաղաքացիական ու քաղաքական կեցվածք դրսևորողներին լռեցնելն է, և ոչ՝ օրենքն ու արդարադատությունը։ Այս մասին գրել է ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը․
«Հերթական հետապնդման է ենթակվում Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանը։ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ցոլակ Ակոպյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Ց․ Ակոպյանը հիմա էլ մեղադրվում է ամփոփաթերթիկում իր ստորագրությունը դնելու համար։ Հիշեցնեմ, որ նա այդ պահին եղել է տվյալ ֆակուլտետի դեկանը։
Նաև հիշեցնեմ, որ Բրյուսովն այն ԲՈԻՀ-ն է, ուր ռեկտորի օրինական, կայացած ընտրությունները չեղարկվեցին կամ չվավերացվեցին ԿԳՄՍ նախարարության կողմից, և ոստիկանական հոծ շարքերով շենք ներխուժեց ռեկտորի իշխանահաճո պաշտոնակատարը, ով ընտրություններում բավարար ձայներ չէր հավաքել։
Սա այն Բրյուսովն է, ուր աշխատանքից հեռացրել կամ պաշտոնազրկել են այլախոհ տասնյակ դասախոսների․․․
Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․
Քաղբանտարկյալների, ոստիկանապետության ու բռնությունների ժամանակներ, փոքր մարդանց եղկելի ժամանակներ․․․»։