Դեռ երեկ Բաքվում պետք է մեկնարկած լիներ 2023 թվականի օգոստոսի 16-ին գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստը հետաձգվել է, ադրբեջանական լրատվականները նշում են՝ պատճառն այն է, որ Ոսկանյանը դատարան չի ներկայացվել։ Նշվում է, որ դատական նիստը պետք է տեղի ունենար Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Այսպիսով, Գագիկ Ոսկանյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: