Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Ավելի վաղ փաստաբանը մեզ ասել էր, որ այսօր նա պետք է դուրս գա ՔԿՀ–ից, սակայն տեխնիկական որոշ հարցեր են առաջացել։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրել էր այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ և վարչական հսկողություն, որից հետո նա կրկին տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Պաշտպանները մեղադրանքն անհիմն են համարում և բազմաթիվ անգամ հանդես են եկել մեղադրանքը հերքող հայտարարություններով։