Մասնագետներն ուսումնասիրել են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը և ձևակերպել միահամուռ տեսակետ, որը հաստատվել է «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։ Տեղեկությունը հայտնում է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ–ն։
«Քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում»,– ասված է հայտարարությունում։
Դասագիրքն ուսումնասիրած մասնագետները 7 սխալ են առանձնացրել.
1. Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ․ դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստվի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։
2. Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։
3. Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեր սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։
4. Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։ Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։
5. Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։
6. Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար:
7. Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութն ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ, տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահատկությունները, բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։
Հայտնաբերված տեխնիկական խնդիրներն ու եզրակացությունն՝ այստեղ։