Հետևեք մեզ։

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում․ աշակերտ է մահացել․ Shamshyan.com

15:33, 04 դեկտեմբեր 2023
Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում․ աշակերտ է մահացել․ Shamshyan.com

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:

Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ:

Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: