ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցներին ու ՀՀ ԶՈւ զինծառայողի մահվան դեպքին:
«ՀՀ ԶՈւ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից: Խաղաղության ադրբեջանական ընկալումը տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից:
Բոլոր միջազգային գործընկերները, որ ներգրավված են խաղաղության գործընթացում, պետք է աներկբայորեն դատապարտեն Ադրբեջանի` բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու վերջին գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության ողջ գործընթացը»,- գրել է նա:
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։