Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 4-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից ավտոտնակում (մոտ 25 քմ):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։57-ին։ Այրվել են տնակի առաստաղը՝ մասամբ (մոտ 12 քմ), ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և ավտոտնակում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: