«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»։ Ավելի վաղ գրել էինք, որ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
Գրել էինք նաեւ, որ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձեւավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին։
Արեւմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արեւմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձեւավորվի հակառուս խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը եւ մյուս արեւմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։