Հետևեք մեզ։

Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը․ կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

11:41, 05 դեկտեմբեր 2023
Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը․ կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության Մոսկվայի թղթակիցը, Բայրամովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կապակցությամբ և ընդգծել, որ հանդիպման շրջանակում հնարավորություն կլինի մտքեր փոխանակել երկկողմ մի շարք նախագծերի իրականացման վերաբերյալ, մասնավորապես կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը,  համագործակցությունը «3+3» ձևաչափով։

 

Նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և որ երկու երկրները համագործակցում են տնտեսական համագործակցության հետ կապված մի շարք խոշոր նախագծերում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքում։

 

Լավրովն ընդգծել է, որ հանդիպմանը կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։