Ակտիվ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Իրանի հարաբերություններում տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, կարևորվում են բեռնափոխադրումների ոլորտի և ենթակառուցվածքների, տրանսպորտային կապի, էներգետիկ ու տարածաշրջանային ծրագրերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը։ Այս մասին «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը և հավելեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։
Խոսելով հյուսիսային հարևանի մասին՝ Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները քայլեր են ձեռնարկում եղբայրական պետությունների միջև հարաբերություններին ռազմավարական երկխոսության բնույթ հաղորդելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կաարգավորման գործընթացին՝ փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։
«Համաձայնության ենք եկել բացելու սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, հուսով ենք՝ մոտ ապագայում այս շոշափելի քայլը կյանքի կկոչվի»,- նշել է նա։