ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը: Ավելի վաղ վերոնշյալ միջոցառմանն իր հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել էր այսպես․ «Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարել, գնամ, ի՞նչ անեմ։ Չմասնակցելու իմ որոշման մասին արդեն տեղեկացրել եմ ՀԱՊԿ գործընկերներին, տեղյակ են»։