Հետևեք մեզ։

«Գազպրոմը» պարտավոր է հետևել անվտանգության կանոններին․ Հակոբ Արշակյանը քննդատել է «Գազպրոմ Արմենիային»

00:37, 06 դեկտեմբեր 2023
«Գազպրոմը» պարտավոր է հետևել անվտանգության կանոններին․ Հակոբ Արշակյանը քննդատել է «Գազպրոմ Արմենիային»

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը քննադատել է «Գազպրոմ Արմենիայի»՝ Դավթաշեն թաղամասում տարվող շինարարությունը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քիչ խոսենք ստանդարտների, վերահսկողության, տարրական գիտելիքների ու շինարարական մշակույթի մասին։

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շինարարություն է իրականացնում Դավթաշեն թաղամասում, որն ինքնին ողջունելի է, հաշվի առնելով, որ ենթակառուցվածքներում իրականացվում են կապիտալ ներդրումներ։

Այնուամենայնիվ կարևոր եմ համարում որոշ հարցերի բարձրաձայնումը։

Կից ներկայացված տեսանյութում շինհրապարակն է, որը զբաղեցնում է ճանապարհի երթևեկելի գոտու առաջին գիծն ամբողջությամբ։

Այժմ, մի քանի կարևոր փաստի վրա ուշադրություն դարձնենք․

  1. Հետիոտնի անցումը տախտակից է, չի համապատասխանում որևէ ստանդարտի։ Անցումից անկումը կարող է մարդու առողջության համար թանկ նստել՝ հաշվի առնելով, որ փորված փոսի խորությունը հասնում է շուրջ երեք մետրի։
  2. Շինարարական գոտին պատշաճ արգելապատնեշներ չունի, ասֆալտին տնկված երկաթե ձողերի վրա փաթաթված են ժապավեններ, որոնց վնասվելու և տեսանելի չլինելու դեքպում մեքենաները կարող են ընկնել փորված փոսը, էլ չասած, որ շինարարությունն ուղղահայաց կտրում է հետիոտնի անցումը և նույն վիճակում կարող է հայտնվել նաև հետիոտնը։
  3. Երթևեկության համար որևէ նշան առկա չէ։ Տպավորություն է, որ բակերից դուրս գալիս, և առհասարակ, վարորդները պիտի ինքնակողմնորոշվեն, որը և հրաշալի անում են։

Շինարարական ստանդարտների և անվտանգության կանոնների պահպանումն անհրաժեշտություն է, և շինարարությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, հատկապես՝ «Գազպրոմ» և «Վեոլիա ջուր» ընկերությունները պարտավոր են հետևել անվտանգության կանոններին։

Վերահսկող մարմինները և ստանդարտների ներդրման և զարգացման մարմիններն անշուշտ նույնպես մեծ անելիքներ ունեն այստեղ։

Հ․Գ․ մեկնաբանություններում մի քանի պարզ լուծման օրինակ կբերեմ, որոնք լայն կիրառում ունեն բազմաթիվ երկրներում»,- գրել է Արշակյանը։

Վերլուծական