Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի առնվազն երկու երեխաները Լիտվայի քաղաքացիներ են, խոստովանել են Բալթյան հանրապետության իշխանությունները։ Լիտվայի ներքին գործերի նախարարն ասել է, որ երկիրը այժմ մտադիր է փոխել քաղաքացիության մասին օրենքները, որպեսզի դրանք չօգտագործվեն Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար:
Ներկայումս Լիտվայի օրենքները չեն նախատեսում նման անձնագրերը չեղյալ համարելու հնարավորությունը, նույնիսկ եթե դրանք օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու համար։
Աբրամովիչի երեխաների լիտվական անձնագրերի մասին դեկտեմբերի 6-ի առավոտյան հայտնել են հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը OCCRP-ն և նրա լիտվացի գործընկեր Սիենան։
Լրագրողները հայտնաբերել են օլիգարխի որդու՝ Արկադի Աբրամովիչի անձնագրի լուսապատճենը՝ Կիպրոսի գաղտնի հետաքննության նախագծի շրջանակներում։ Այնտեղ հայտնաբերվել է նաև Աննա Աբրամովիչի լիտվական անձնագրի համարը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Արկադին տասը տարի առաջ ստացել է լիտվական անձնագիր, որի վավերականության ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 5-ին։ Թե երբ է տրվել Աննայի անձնագիրը, հայտնի չէ։
2022 թվականի հունվարին բրիտանական Guardian թերթը գրել էր, որ նույնիսկ ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ Աբրամովիչը մոտ 4 միլիարդ դոլար արժողությամբ գույք է փոխանցել իր յոթ երեխաներին։
Այն փաստը, որ առնվազն երկու երեխա ունի ԵՄ երկրի անձնագիր, այս քայլը շատ նման է պատժամիջոցները շրջանցելու փորձին:
Լիտվական լրատվամիջոցներում անձնագրերի մասին տեղեկատվության հայտնվելուց ընդամենը մի քանի ժամ անց մամուլի ասուլիս է հրավիրել Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ագնե Բիլոտաիտեն։ Նա ընդգծել է, որ Աննան ու Արկադին փաստաթղթեր են ստացել պատերազմից առաջ, գրում է լիտվական Delfi պորտալը։