Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց առաջիկա պլաններից:
-Դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ի՞նչ ունեք տալու հայկական ֆուտբոլին և ի՞նչ հստակ պլան ունեք:
-Այն ճանապարհով, որով անցել եմ ես, այն փորձով, որը կուտակել եմ տարիների ընթացքում, կարող եմ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Աշխատանքս տեսնում եմ միայն ու միայն թափանցիկության և արդարության սկզբունքները պահելու եղանակով: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված իմ պլաններն առավել մանրամասն կբացահայտեմ առաջիկա մեծ ասուլիսի ժամանակ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում կարողանալու եմ փոխել ամենը, դա բացառված է:
Բայց, իմ կարծիքով, մեզ պետք է ֆուտբոլի զարգացման ազգային ծրագիր, որը վերցված չի լինի այս կամ այլ երկրներից, այլ կլինի մեր ինքնատիպությանը հատուկ ծրագիր: Հայկական ֆուտբոլին գլոբալ փոփոխություններ են պետք:
-Ներֆուտբոլային հասարակությունը խոսում է այն մասին, որ Ձեզ աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
-Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։
Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։