Դատական պրոցեսը ցույց կտա, որ այս ամենը կժխտվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դատական նիստից հետո։
Հարցին, թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի եղբոր համար ՊՆ-ից թիկնապահ, վարորդ հատկացրել,Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Հրաամանները՝ ռազմական ոստիկանությունում, նախարարությունն էր տալիս, ռազմական ոստիկանությունը չէր տալիս»։
Հարցին, թե նախկինում ասել է, որ որևէ արկածախնդրի թույլ չի տա, որ գնան և որոշեն երկիրը ճակատագիրը, հիմա նրանք իշխանության են, որպես ոստիկանապետ ի՞նչ է արել, Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Ես արել եմ այն, ինչ թույլ է տվել օրենքը։ Եվ ասեմ, սա ոստիկանության խնդիրը չէր, սա հասարակության, քաղաքական կուսակցությունների խնդիրն էր, ես բռնություն չէի կիրառի մեր ժողովրդի նկատմամբ, եթե նույնիսկ, եթե նույնիսկ․․․ այդպիսի ցուցում էլ եմ ունեցել, նախագահն էլ նույն կարծիքին է եղել, որ ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկ մարմնական վնասվածք կամ տուժող լինի»։
Նշենք, որ այս գործով, ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: