«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:
Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ընդդիմությունը առաջադրել է Քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանի թեկնածությունը ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Եւ այսօր իշխանական պատգամավորները դարձյալ դռնփակ ձևաչափով հանդիպում կունենան Բադալյանի հետ:
Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանդիպման առաջարկ է արել և իշխանությունն էլ համաձայնել է, արդեն աննախադեպ է՝ համենայնդեպս այս խորհրդարանի համար:
Երեկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թեեւ «չարալեզ» անվանեց ընդդիմությանը՝ ակնարկելով որ ինչ-որ բաներ է լիզել և բազմիցս վիրավորեց իր խոսքում ընդդիմադիրներին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, բայց միաժամանակ հրապարակավ հայտնեց. (տեսանյութի 4:20 րոպեից կարող եք դիտել)։
«Այստեղ, ամբիոնին մոտիկանալուց քիչ առաջ ես խոսում էի իմ կոլեգա պարոն Սեյրան Օհանյանի հետ, ով ինձ առաջարկեց, որ քանի որ ընդդիմությունն է առաջադրում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամին, առաջարկեց, որ թեկնածուն հանդիպի մեր խմբակցության հետ մինչև Ազգային ժողովի նիստերը և քանի որ մենք ունենք այդ ավանդույթը, ես պարոն Օհանյանին ասացի՝ մեծ սիրով: Եւ վաղը (արդեն այսօր- խմբ.) ձեր թեկնածուն կհանդիպի ՔՊ խմբակցության հետ: Մենք կլսենք թեկնածուին, կքննարկենք, հետո կլսենք նաև էստեղ, և, եթե հավանություն տալու լինենք, բնականաբար, դա քվեարկությամբ կդրսևորվի»:
Հայկ Կոնջորյանը խոսքի այս մասում ասաց, թե ինստիտուցիոնալ համերաշխությունը շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին նույն Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանի մասին ԱԺ ամբիոնից նետեց. «Դուք դաստիարակություն ստացել ե՞ք… պապանձվեք…սրիկան դուք եք… »։
Իսկ երեկ նույն Օհանյանին դիմում էր պարոնով՝ ասելով կոլեգա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։