Հետևեք մեզ։

32 ռազմագերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է․ Սարգիս Խանդանյան

12:27, 08 դեկտեմբեր 2023
32 ռազմագերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է․ Սարգիս Խանդանյան

 

Գերիների փոխանակումը տեղի է ունենալու ժամերի կամ օրերի ընթացքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությանն առ այն, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին է հանձնում 32, իսկ հայկական կողմը՝ 2 զինծառայողի։

 

Դիտարկմանը, թե հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, արդյոք սա սկիզբ է դնում երկկողմ բանակցությունների մեկնարկին, Խանդանյանը նշեց․ «Հարցը հումանիտար է, շատ երկար խոսել ենք այս մասին, հնարավորություն է ստացվել այս հարցը լուծել։ Այս հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և պետք չէ գերագնահատել այն ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ»։

 

Դիտարկմանը՝ մինչ այս պահը հայտնի չեն 32 վերադարձողների անունները, Խանդանյանը նշեց․ «Ես կխուսափեմ անուններ հնչեցնել։ Մանրամասներին ծանոթ չեմ։ Շատ զգայուն թեմա է, մինչև ՀՀ պետական սահմանը չհատեն, ՀՀ-ն չի կարող հստակ․․․»,- ասաց նա և անդրադառնալով գերիների վերադարձի ժամկետին, նա նշեց․ «Հստակ ժամկետները, դե, ըստ հայտարարության դա պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է։ Եթե չեմ սխալվում, հայտարարության տեքստում կար, որ փոխանակումը տեղի է ունենալու Հայաստան-Ադրբեջան սահմանին»։