44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում այս անգամ էլ է որդու անունը փնտրել, բայց չի գտել։
«Բոլոր 32 գերիների անուն-ազգանունները դողացող սրտով կարդացի, բարով եք վերադառնում, մեր թա՛նկ բալեք, ձեր տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի, որ 32-ն են գալու, բայց, անկախ ինձնից, 33 էի փնտրում, մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված»,- Facebook-ում գրել է Գարիկ Այվազյանը։
Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականին՝ Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։ Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավորագրվել Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։
44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիս-Թալիշ հատվածում ընթացող մարտերին։
Զոհվել է վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ` դիպուկահարի գնդակից։ Պապի աճյունը մինչ օրս գտնված չէ։