Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը, գրում է News.am-ը։
Նա իր ցուցմունքում անդրադարձավ զինծառայողների և վերադասի միջև եղած լարված հարաբերություններին։
«Դեպքից մի քանի օր առաջ վաշտի հրամանատարի հետ մեր վաշտից երկու հոգի՝ Հրաչն ու Նարեկը ընդհարում են ունեցել։ Հեռախոսներ գտնելու հետ կապված բան է եղել, հեռախոսների մեջ բան է եղել, որը չի կարելի, թմրանյութ են պատվիրել, որ օգտագործեն։ Վիճաբանություն եղել է, իրար խառը խփել են, բայց չգիտեմ՝ ինչ կարգի է եղել։ Ինձ Հրաչն ու Նարեկն են պատմել։ Դեպքից երկու օր հետո Նարեկենց տարել են Ռազմական ոստիկանություն։ Վաշտի հրամանատարն էլ ասաց, որ ծառայելու ենք նենց, ոնց մյուս տեղերում է։ Մենք սովոր չէինք էդ «ուստավին», դրա համար․․․։ Օրինակ՝ զորամասում, որ ծառայում էինք, շարվելով գնում էինք հաց ուտելու և այլն, իսկ այդտեղ այդպես շարվել չի եղել։ Մարդ կար արդեն ուզում էր վաշտը փոխել, որովհետև չէր ուզում այդպես ծառայել»։
Գործով մեղադրող դատախազի հարցին՝ Եղիշե Հակոբյանի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել, Խառատյանն ասաց․ «Մի անգամ Նարեկի հետ լարված հարաբերություններ եղել են։ Վերադասից էին գալիս, Նարեկը պիտի մի բան աներ, որը ուշացնում էր, ասել-չանելու համար էլի, բայց խփել չի եղել, հետո նորմալ շփում է եղել։ Տիգրան ու Նարեկ միջև է խնդիր եղել, մաքրության հետ կապված էր, իրա խփել են։ Դեպքի օրը չեմ հիշում որևէ մեկը ալկոհոլ օգտագործած լինի։ Ինչքան տեղեկացված եմ եղել Եղիշեն էլ էր սեր ուներ թմրանյութի հետ։ Զինվորների մեջ այդ մասին շատ է խոսակցություն եղել։ Հիշեցի, մի հատ խոսակցություն եղել է, Եղիշեն ոնց որ փող էր կրել։ Էդ ժամանակ էլ ավտոն էր խփել, ու էդ փողով պիտի սարքեր»։
Տուժողը վստահեցրեց, որ այդ օրը որևէ զինծառայող ալկոհոլ չի օգտագործել․ «Որովհետև բոլորը հոգնած էին, գործ էին արել»։