Հետևեք մեզ։

Բուլղարիան հանել է COP29-ի կոնֆերանսը հյուրընկալելու իր թեկնածությունը՝ կրկին հօգուտ Ադրբեջանի

19:49, 08 դեկտեմբեր 2023
Բուլղարիան հանել է COP29-ի կոնֆերանսը հյուրընկալելու իր թեկնածությունը՝ կրկին հօգուտ Ադրբեջանի

Բուլղարիան հանել է կլիմայի համաշխարհային գագաթնաժողովն ընդունելու իր թեկնածությունը, որը կկազմակերպվի հաջորդ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ COP29 կոնֆերանսի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այդպիսով Բուլղարիան ևս նախադրյալներ է ստեղծել, որպեսզի այն անցկացվի Ադրբեջանում։

 

Ինչպես հաղորդում է Politico-ն, այս մասին հայտարարել է Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարար Յուլիան Պոպովը։

 

Հաղորդվում է, որ երեկոյան Բուլղարիան նամակ կուղարկի համաժողովը ընդունելու իր թեկնածությունը հանելու վերաբերյալ։

 

Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Բարի կամքի ոգով Բուլղարիայի Հանրապետությունը հանում է COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետության թեկնածությանը»։

 

Հիշեցնենք, որ երեկ կրկին որպես բարի կամք՝ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել է իր թեկնածությունը: